«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` Կարինե Սարգսյանին
Մայիսի 3-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնեց տիկին Կարինե Սարգսյանին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրա աստվածահաճո ընթացքը եւ գործունեությունը: Տիկին Կարինե Սարգսյանի եւ լոնդոնաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ 2008թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հարեւանությամբ կառուցվել էր Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը:
Հանդիսավոր արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով: Այնուհետեւ տիար Արմեն Սարգսյանը ներկայացրեց տիկ. Կարինե Սարգսյանին` ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցին եւ Վեհափառ Հայրապետը գնահատանքի են արժանացնում տիկ. Կարինեի անձը եւ գործունեությունը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Արշակ Սրբազանը: Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «... Երկար տարիներ Դուք` որպես բժիշկ-սրտաբան, նվիրյալ ոգով եւ մեծ հոգատարությամբ Ձեր գիտելիքներն ու փորձառությունն եք ծառայեցնում ապաքինման կարոտ անձանց կազդուրմանն ու առողջության վերականգնմանն ի խնդիր, նաեւ բարի նպաստ եք բերում մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացմանն ու բժշկության ոլորտում նոր առաջընթացի ամրագրմանը: Ձեր մասնագիտական կարեւոր առաքելության հետ մեկտեղ Դուք նախանձախնդիր եք հավատավոր մեր ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքի բարօրությանն ու առաջընթացին: Այդ նախանձախնդիր ոգով Դուք սրտաբուխ հանձնառությամբ կարեւոր նպաստ բերեցիք Ձեր հարգարժան եղբոր` տիար Արմեն Սարգսյանի հետ աստվածահաճո բարերարությամբ Մայր Աթոռի մատուռ-մկրտարանի կառուցումը իրականացնելու եկեղեցաշեն գործում: Սուրբ Էջմիածնի լուսավորչատեսիլ Մայր Տաճարի կողքին վեր բարձրացավ նոր աղոթատուն` Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը, որ պիտի ծառայի զարթոնքին հավատավոր մեր ժողովրդի հոգեւոր կյանքի: Այս մկրտարանի ավազանից ի հոգեւորս ծնվելով եւ սրբալույս մյուռոնի դրոշմով Սուրբ Հոգու շնորհներին արժանանալով` հավատքով ու սիրով պիտի զորանան անդամները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու` լինելու հավատարիմ եւ անշեղ հետեւորդները մեր Տիրոջ եւ Նրա Սուրբ Ավետարանի»:
Կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունը տիկ. Սարգսյանին հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանը: Ապա տիկ. Կարինե Սարգսյանն շնորհակալական խոսքով դիմեց Վեհափառ Հայրապետին` հույս հայտնելով, որ նորակառույց մատուռ-մկրտարանը պիտի ծառայի հայ ժողովրդի հոգեւոր կարիքներին, եւ հազարավոր մանուկներ պիտի մկրտվեն այնտեղ` իբրեւ հավատավոր զավակներ մեր Եկեղեցու եւ ժողովրդի: Նա վստահեցրեց, որ շարունակելու է իր ծառայությունը բերել ի փառս Աստծո եւ Հայ Եկեղեցու:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքը հայտնեց մեծարյալին իր ընթացքի համար, որով իր մասնագիտական կարողությունները եւ բարի վաստակը ծառայեցնում է ազգի բարօրությանը, Եկեղեցու շինությանն ու պայծառությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նվիրյալ հայուհուն նույն եկեղեցասիրությամբ եւ էջմիածնասիրությամբ, քաջեռանդ ոգով շարունակել իր հավատքը վկայել ազնիվ կյանքով եւ բարի ու առաքինազարդ գործերով: